ուղերձը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար պրն. Վարդան Օսկանյանի Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի բացման կապակցությամբ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերիշխանությունը այն արժեքներն են, որոնք համախմբում են Եվրոպայի խորհրդի 45 պետություններին: Իրատեսության, և ոչ լավատեսության քաղաքականությունն է Հայաստանին առաջնորդել դեպի միացում Եվրոպայի խորհրդին և անհրաժեշտ քաղաքական ու սոցիալական պարտավորությունների ձևավորում, որոնք կիրականացնեն այնպիսի անցում, որը կնպաստի կենսունակ, գործառնող ժողովրդավարական պետության կառուցմանը:
Չնայած այդ արժեքները նոր չեն, այնուամենայնիվ այն գործընթացները, որոնց արդյունքում ստեղծվում են այդ արժեքները հարգող և դրանց հետևող հասարակություններ, միատեսակ, արագընթաց, կայուն ու բացահայտ չեն: Իրականում, Հայաստանի համար նման հանդուրժող, ակտիվ հասարակության ստեղծումը նպատակ է, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը` այդ նպատակին հասնելու միջոց: Նման հասարակությունը կառուցվում է գլխիվայր: Լիդերների վարած քաղաքականությունը և նպատակները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Առողջ, թափանցիկ, իրավահավասար հասարակության ստեղծման համար պահանջվում է հասարակայնության տեղեկացվածություն, ըմբռնում, գործունեություն և ակտիվ ներգրավվածություն: Այս վերջնակետին հասնելու ճանապարհին և՛ քաղաքականությունը մշակողների ու իրականացնողների, և՛ դրանից օգտվողների համար անգնահատելի դեր ունեն այլ երկրների ու հասարակությունների փորձի մասին տեղեկությունները, Եվրոպայի խորհրդի նախաձեռնությունների, նրա կարևորագույն պահանջների կատարման արդյունքում երկրում և տարածաշրջանում գրանցված առաջընթացի վերաբերյալ նորությունները: Հայաստանը կանգնել է դեպի ժողովրդավարություն տանող դանդաղ, բայց հաստատուն ուղու վրա: Այս գործընթացը անշրջելի է: Այնուամենայնիվ, այն արագ և դյուրին չէ: Գոյություն ունեն ավանդույթներ, սովորույթներ, նախապաշարումներ, իրողություններ, որոնք ենթակա են փոփոխման` Եվրոպայում մնացած շրջաններում տեղի ունեցող փոփոխությունների արագությանը և որակին համապատասխանեցնելու նպատակով: Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի առկայությունը, ինտերնետային էջ ստեղծելու նախաձեռնությունը և լրատուի ներկայացումը հայերի դատին ու քաղաքականություն կերտողներին ողջունելի են: Այս աղբյուրները արժեքավոր գործիքներ են փոփոխություններ ակնկալողների համար: Լիդերի համար չկա առավել հզոր գործիք, քան տեղեկատվությունը, որի միջոցով նա ունակ է ոգեշնչել ու համախմբել քաղաքացիներին: Սրանք են իրական ժողովրդավարության հիմքը` տեղեկացված հասարակություն և տեղեկացված ընտրազանգված: Վարդան Օսկանյան ՀՀ Արտաքին գործերի նախարար
|